Ոստիկանությունը որոշել է «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին գիժ ներկայացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը՝ անդրադառնալով նրան չկալանավորելու որոշմանը:

«Իրենք որոշել են Շանթին գիժ ներկայացնել, ինչի հետ ես համաձայն չեմ: Ինքը առաջին գծում է եղել, եթե այդ ամբողջ գործողությունների գլխին է եղել, իր ընկերներին կալանավորում են, իրեն՝ ոչ, ինքը երբեք իր ընկերներին մենակ չի թողնի»,- ասաց նա:

Ռուզաննա Բադալյանը նշեց նաեւ, որ ոստիկանությունը իրեն բնորոշ ձեւով է գործում, եւ դեռ երեկ հնչած որոշակի հայտարարություններից էլ երեւում էր, որ Շանթ Հարությունյանին չեն կալանավորի:

Նշենք, որ Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից 8-ին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): NEWS.am-ին ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, թե նրանց նկատմամբ որպես խափանման  միջոց ընտրվել է կալանավորումը:

Կալանավորվել են Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը:

Մյուս 12 ձերբակալվածների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հարցը կորոշվի առաջիկայում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին,  նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը: