Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե արծարծվել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեությանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ փաստաբանության ինստիտուտը համարվում է իրավական պետության առանցքային բաղադրամասերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով Արցախի եւ Հայաստանի համապատասխան մարմինների միջեւ կապերի շարունակական ամրապնդումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանը եւ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը: