Ռուսաստանը քանիցս հայտարարել է Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամի պաշտպանելու իր պատրաստակամության մասին, նոյեմբերի 8-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպիական համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:
Անդրառառնալով Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ Կովալենկոն նշել է. «Եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, ապա դա կանեն Իսրայելը եւ այլ երկրներ: Սա այն հարցը չէ, որը կարող է կասկածի տակ դնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները: Ռուսաստանը, 20 տարվա ընթացքում պահպանելով գործընկերային հարաբերությունները Ադրբեջանի եւ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստում է այն բանին, որ տարածաշրջանում մեծ արյունահեղություն չլինի:
Պատերազմը դադարել է, տարածաշրջանն ապրում է խաղաղ պայմաններում, թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ հակամարտություն է տեղի ունեցել Ղարաբաղի պատճառով»:
Նախկին դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը, պահպանելով հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, մնալով բանակցային գործընթացի անփոխարինելի միջնորդ, նպաստում է խաղաղության պահպանմանը: «Լիովին կողմերից մեկի կողմն անցնելով՝ Ռուսաստանը կվատթարացնի կլիման, եւ կարող են զինված հակամարտության վերսկսման պայմաններ ծագել»:




























