«Արարատցեմենտի» գործարանի աշխատողներին հրահանգել են նոյեմբերի 8-ին, ժամը 17:00-ին, հավաքվել Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ` մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արարատի բնակիչները: Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ն ներկայացնող Հայկ Հայկյանը, որին սատարում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, և ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բարսեղյանը։

Սպասվում է, որ պայքարը թեժ է լինելու։ Այսօր՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, երկու թեկնածուներն էլ հանրահավաք են անցկացնելու նույն վայրում՝ երկու ժամվա տարբերությամբ։

ՀՀԿ թեկնածուն ընտրողների հետ հանդիպելու է ժամը 16:00-ին, ԲՀԿ հավաքը թեեւ նախատեսված է ժամը 18։00-ին, բայց մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի աշխատողներին ու ավտոբուսներով Երևանից ժամանող երիտասարդներին հրահանգված է Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հավաքվել մեկ ժամ շուտ։ Ամենայն հավանականությամբ, երկու թեկնածուներին սատարողները կհանդիպեն հանրահավաքի վայրում։

Սպասվում է, որ հավաքին մասնակցելու է նաեւ Գագիկ Ծառուկյանը, որին սպասում են  ժամը 18։00-ին։

Հիշեցնենք, որ Արարատում արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ մահացավ նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Նա գլխուղեղի ուռուցք ուներ եւ մի քանի անգամ վիրահատվել էր: Վերջին վիրահատությունը կատարվել էր օգոստոսի 8-ին, որից մեկ շաբաթ անց Բաբայանը մահացել էր: Նրա մահից հետո համայնքի ղեկավարումը ժամանակավորապես վստահվեց փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանին: