Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետեւանքով ձերբակալված 20 անձանցից մեկը՝Ավետիս Ավետիսյանը, ով հացադուլ էր հայտարարել, դուրս է եկել հացադուլից: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա արդեն դիմում է գրել հացադուլը դադարեցնելու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետեւանքով ձերբակալված 20 անձանցից մեկը՝ Ավետիս Ավետիսյանը, երեկ հացադուլ է հայտարարել
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:





























