Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 5-ին, ժամը 02.20-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Դիլիջանի քաղաքային լճի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ք.-ին` իր   «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ` 1982 թ. ծնված Վանո Ք.-ին ու 1985 թ. ծնված Դավիթ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վարդան Ք.-ի ավտոմեքենայի մոխրամանի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է թղթով  փաթեթավորված 1,3 գ կշռով չորացված, մանրացված, «մարիխուանա» թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նոյեմբերի 6-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Ք.-ն իր մոտ պահվող թմրանյութից նույն օրն իր ավտոմեքենայում հյուրասիրել է Վանո Ք.-ին եւ Դավիթ Ա.-ին, որոնք էլ ծխելու միջոցով օգտագործել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 266 հոդվածի  1-ին եւ 268 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Վարդան Ք.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: