Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական որոշումը անմիջականորեն կապված է ԼՂ հարցի հետ: Ավելին, կարելի է ասել, որ դա Հայաստանի այդ որոշման գլխավոր պատճառն էր: Այս մասին նոյեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հասկանալի է, մի կողմից դա նշանակում է, որ Հայաստանը, ռուսական կողմին այս հարցում ընդառաջ գնալու ցանկություն հայտնելով, մյուս կողմից ռազմաքաղաքական որոշակի դիվիդենտներ կստանա», - նշել է քաղաքագետը: Նրա խոսքով՝ կշարունակվի ռազմաքաղաքական համագործակցությունը, որը խիստ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԼՂՀ խնդրի համատեքստում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Ռուսաստանից շուկայական գնով է զենք գնում՝ օգտագործելով իր էներգետիկ հնարավորությունները եւ ֆինանսական միջոցները, այն դեպքում, երբ Հայաստանը շատ հաճախ շուկայականից ցածր գնով է ստանում կամ անգամ անվճար:
«Դրանով փորձ է արվում շփման գծում եւ տարածաշրջանում պահպանել ռազմատեխնիկական հավասարակշռությունը: Սա, իմ համոզմամբ, ամենագլխավոր երաշխիքն է այն բանի, որ, իհարկե, մենք կունենանք անվերջ բանակցային գործընթաց, բայց ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք չի լինի, գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում», - ամփոփել է Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























