ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կարելի է դիտարկել որպես զորակցություն՝ Մաքսային միություն մտնելու կապակցությամբ: Այս մասին նոյեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ռուսական առաջնորդի դեկտեմբերին կայանալիք այցին:

«Հասկանալի է, որ հենց Ռուսաստանի առաջարկով Հայաստանը, ելնելով իր շահերից, որոշեց անդամակցել ՄՄ-ին: Կան նաեւ երկրներ, որոնք խնդիրներ ունեն ոչ թե Հայաստանի, այլ առաջին հերթին հենց Ռուսաստանի հետ՝ Բելառուսը եւ Ղազախստանը, եւ Պուտինի այցը այս տեսանկյունից նաեւ քաղաքական մեսիջ կլինի», - նշել է քաղաքագետը:

ՌԴ նախագահի այցը, Սերգեյ Մինասյանի խոսքով, կկայանա դեկտեմբերի սկզբին, քանի որ այն հնարավոր չէր ավելի վաղ կազմակերպել հայ-ռուսական հարաբերություններում հստակեցում պահանջող որոշակի հարցերի գոյության պատճառով:

«Մյուս կողմից էլ հայկական կողմը, որը կշարունակի իր կոմպլեմենտար քաղաքականությունը եւ որի համար եվրոպական ուղղվածությունն առաջնահերթ կմնա,  դժվար թե ցանկանար, որպեսզի Պուտինի այցը տեղի ունենա մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը: Քանի որ ռուսական կողմի համար նույնպես կարեւոր են  այդ գագաթաժողովի արդյունքները, կարծում եմ, որ այցի ժամանակն այդ տեսանկյունից  շատ տրամաբանական է», - ընդգծել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: