Արեւելյան Եվրոպայի երկրները անդամակցում են Եվրամիությանը եւ ակտիվ անդամներ են, իսկ հիմա ձեռքները մեկնած վիճակում են:

Այս մասին նոյեմբերի ութին «Հայաստանն ու Մաքսային միությունը. Եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:

«Նրանք կորցրել են ազգային արժանապատվությունը, իրենց ազգային նույնականացումը հավասարեցրել են, բառի բուն իմաստով, սեռական մակարդակի: Հայաստանը եւ՞ս ցանկանում է գնալ այդ ուղիով: Դա Հայաստանի եւ մյուսների ընտրությունն է:  Իմ պատկերացմամբ դեպի ԵՄ ուղին նույնն է, ինչ ճանապարհը դեպի դժոխք»,-հայտարարել է Կովալենկոն:

Ի պատասխան այն հարցին, թե Ռուսաստանի ինչին է պետք Հայաստանը, Կովալենկոն ընդգծել է, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում է պատմությունն ու այն ուղին, որն անցել են այդ երկու քրիստոնյա պետությունները: