Նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ ժողովրդի մեջ հասունանում է ամեն կերպ, այդ թվում` ուժային միջոցներով, իր իշխանությունը վերականգնելու բնական եւ իրավաչափ ձգտումը: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի տարածած հայտարարության մեջ:
«Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսեւորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ ճիչը ոչ միայն չմնաց առանց արձագանքի, այլեւ արագացնում է փոփոխությունների գործընթացը եւ հստակեցնում դրանց հասնելու ռազմավարական ու մարտավարական մոտեցումները:
Պետական կառավարման ապազգային համակարգը` ի դեմս նրա կորիզը կազմող քրեաօլիգարխիկ վարչակազմի, գիտակցում է իր կործանման վերահաս վտանգը: Վարչախումբը փորձում է ամեն գնով, այդ թվում` նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի սցենարով ընդվզումներն ուղղորդելու, գործակալների, անգամ` ոստիկանության ծպտյալ ծառայողների, ձեռքով բախումներ հրահրելու, հանցագործություններ կատարելու, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիներին ազատությունից զրկելու եւ ժողովրդին ահաբեկելու միջոցով չեզոքացնել իր համար խիստ անցանկալի այս հեռանկարը:
Այդ նպատակին հասնելու համար վարչախումբն արտաքին ճակատում ընտրել է պետության ինքնիշխանության մնացորդները օտարին հանձնելու, իսկ ներքին ճակատում` օտարի աջակցությամբ ժողովրդին իսպառ կեղեքելու եւ նրա դիմադրողունակությունը զրոյացնելու ճանապարհները:
Այս համատեքստում բնականոն կերպով տեղի են ունենում երկու հակադիր գործընթացներ. ժողովրդի առողջ ուժերի ակտիվացում ու համախմբում` երկիրը կործանման ուղուց զարգացման ուղու վրա դնելու եւ վարչախմբի ու նրանից սնվող ուժերի համախմբում` երկրի կառավարման ու թալանի հնարավորությունը պահպանելու համար: Հաշվի առնելով, որ պետական լծակներին տիրապետող հանցավոր վարչախումբը կազմակերպված ուժ է, մեր ժողովուրդը եւս պետք է կազմակերպվի, որպեսզի կարողանա հաղթահարել նրա հավանական դիմադրությունը:
Մինչ այդ, Նախախորհրդարանը քրեաօլիգարխիկ վարչախմբին մեկ անգամ եւս հիշեցնում է ժողովրդի արդար դատաստանի անխուսափելիության մասին եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել իր իսկ կազմակերպած սադրանքի պատճառով օրինախախտի կարգավիճակում հայտնված Շանթ Հարությունյանին ու մնացած բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել այդ սադրանքը կազմակերպած եւ իրականացրած պաշտոնատար անձանց:
Նախախորհրդարանը կոչ է անում մեր ժողովրդին, առաջին հերթին` նրա ակտիվ մասին, ատելի համակարգից ժամ առաջ ազատվելու զգացական մղումների հետ ներդաշնակ կերպով համադրել գիտակցական ու կազմակերպված պայքարի գործելակերպը եւ պատրաստ լինել իր կամքը պարտադրելու վարչախմբին»,- նշել են հայտարարության հեղինակները:




























