Թուրքիայի հայկական համայնքի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պարզապես գեղեցիկ PR քայլ էր։
Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Վերջինս նշեց, որ այդ քայլը նպատակ ուներ Թուրքիայի իմիջից մաքրելու Թուրքիայի վարչապետի BBC –ին տված հարցազրույցի բացասական ազդեցության հետեւանքները։
«Թե՛ Թուրքիայում, եւ թե՛ միջազգային հանրությունը քննադատեցին էրդողանի այս հայտարարությունը, եւ Էրդողանը կարիք ուներ դրական իմիջի։ Եւ քանի որ Շիրինօղլուն Էրդողանի մոտ ընկերներից է, նրան հրավիրեցին իբրեւ թե սեփական խնդրանքով եւ ամբողջ աշխարհին փորձեցին ցույց տալ, որ Անկարան երկխոսության մեջ է հայկական համայնքի հետ եւ իրենք խնդիրներ չունեն։ Շիրինօղլուն էլ իր վրա վերցրեց Էրդողանի սխալը՝ նշելով, որ ինքն է սխալ տեղեկություններ տվել Թուրքիայում ապրող հայ գաղթականների թվաքանակի վերաբերյալ»,-ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ «Էրդողանը գեղեցիկ ձեւով փորձեց չոր դուրս գալ այս խաղից»։
Արտակ Շաքարյանը հավելեց, որ Շիրինօղլուն հայկական համայնքի ղեկավարը չէ, եւ դեռեւս 1400-ական թվականներից ստամբուլահայ համայնքի առաջնորդը համարվում է պատրիարքը։
«Նախքան Հրանտ Դինքի սպանությունը, նա ոչ պաշտոնապես համարվում էր համայնքի առաջնորդը, որովհետեւ արտահայտում էր ստամբուլահայության մեծ մասի կարծիքը։ Շիրինօղլուի դեմ հայկական համայնքը ստորագրահավաք կազմակերպեց, ինչը ցույց է տալիս, որ Շիրինօղլուն պարզապես պոլսահայ մեծ հաստատության ղեկավար է, նա պարզապես բավականին առաջադեմ եւ մեծ դիրք ունեցող հայ է Ստամբուլում, սակայն դրանով չի կարելի միանշանակորեն մեկնաբանել նրա՝ ստամբուլահայ համայնքի առաջնորդ լինելը»,-հավելեց թուրքագետը։




























