Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դրական է գնահատում Շանթ Հարությունյանի քայլը եւ կարծում, որ այն անելանելի իրավիճակի արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Տիգրան Կարապետյանը:
«Ես կոչ եմ անում բոլորին, որ պահանջեն Շանթ Հարությունյանի եւ մյուսների ազատ արձակումը: Դա քաղաքական հարց է եւ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար չպետք է հետապնդվեն»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, այդ ալիքը կբերի նոր ալիքի, որովհետեւ ուշ, թե շուտ այս իշխանությունները տապալվելու են, որովհետեւ անարդար են:
«Ես կիսում եմ նրա սկզբունքներն ու մոտեցումները: Մենք ազատամարտիկների հետ կլոր սեղանների ենք մասնակցում եւ համարում ենք, որ իշխանությունները անարդար են եւ ընտրությունների միջոցով երբեւե հնարավոր չէ հասնել արդարության: Դա էլ դրդում է մարդկանց քայլեր ձեռնարկել»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ազատամարտիկների հետ շարունակեն Շանթի կիսատ թողած գործը, նա արձագանքեց. «Ես համարում եմ, որ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Առաջիկայում ցույցերի նոր ալիք է սպասում, որի ականատեսը կլինենք»:




























