Տարվա տաք եղանակներին մշտապես Վան այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում գտնվող Բերկրիի ջրվեժն իր գեղեցկությամբ ներկայացել է նաեւ գիշերով։
Թուրքական Turkiyegazetesi կայքի փոխանցմամբ՝ հայտնի լուսանկարիչ Ալի Իհսան Օզթուրքը Վանի Բերկրիի ջրվեժը գիշերով լուսանկարել է՝ ստանալով հրաշք կադր։
Լուսանկարիչն աշխատել է Canon 5D Mark 3 լուսանկարչական ապարատով։ Նա հրաշք կադրը ստանալու համար գործի է անցել երեկոյան 19։30-ին եւ միայն 02։30-ից մինչեւ 03։30-ը ընկած մեկ ժամվա մեջ արել հիշյալ կադրը։
Canon 5D Mark 3-ի հատուկ հնարավորությունների շնորհիվ կարողացել է մեկ ժամ լուսանկարում անել, որի արդյունքում ստացված կադրում շատ պարզ տեսնում ենք աստղերի շարժը՝ իրենց հետագծերով։
Նշենք, որ Բերկրիի ջրվեժը (ներկայում անվանվում է Մուրադիյե) գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ, անցնելով 65 կմ տարածություն եւ թափվում Վանա լիճը։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։





























