Հայ հասարակության սպասելիքները ապրիլի 12-ին ԱՄՆ-ում կայանալիք Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հնարավոր հանդիպումից՝ փոքր-ինչ չափազանցված են: Այդ մասին մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին արտգործնարար Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով խոսակցությունները, թե Վաշինգտոնում է լուծվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճակատագիրը: «Որեւէ փոփոխություն թուրքական դիրքորոշման մեջ ես չեմ ակնկալում: Թուրքիայի Հանրապետութունը հստակ հայտարարել է բարձրագույն մակարդակով, որ պատրաստ է վավերացնել այդ արձանագրությունները միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան կարգավորման գործընթացում լինի առաջընթաց՝ ըստ իրենց պատկերացումների»,- նշել է Արզումանյանն ու հավելել. «Նման առաջխաղացում մոտակա մեկ-երկու շաբաթների ընթացքում ես չեմ սպասում»:
Ըստ Արզումանյանի՝ հնարավոր է Վաշինգտոնում դատարկ դիվանագիտական քողարկված հայտարարություն լինի, բայց ոչ ավելին:
Հարցին, թե ինչպե՞ս կազդեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ճնշումները հայ-թուրքական մերձեցման գործընթացի վրա, նախկին արտգործնախարարը պատասխանել է. «Այսօր Օբամայի վարչակազմի համար Թուրքիան կարեւրագույն գործընկեր է այս տարածաշրջանում, եւ ԱՄՆ ազգային շահերից է բխում ունենալ լավ հարաբերություններ նրա հետ։ Եւ որեւէ դեպքում Միացյալ Նահանգները չեն վտանգի դրանք»:




























