Թուրքիան ստորագրել է հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները եւ տեր է իր դրած ստորագրությանը: Այդ մասին մարտի 31-ին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը՝ Թուրքիայի նախարարների խորհրդի յոթ ժամ տեւած նիստից հետո:
«Թուրքիան եթե ինչ-որ փաստաթղթի կամ համաձայնագրի տակ ստորագրություն է դրել, ուրեմն տեր է դրան: Սակայն, անհրաժեշտ է, որ աշխարհի հասարակությունը տեսնի մեր կամքից անկախ՝ հակառակ կողմի արած սաբոտաժը»,- ասել է Չիչեքը՝ ողջ մեղքը բարդելով հայկական կողմի վրա. «Այս գործընթացը փակուղու մեջ է մտցրել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Մենք արձանագրություններում մեր ստորագրության տերն ենք: Երբ երկու կողմն էլ իրենց պարտավորությունները կատարեն, այն ժամանակ իմաստ կլինի խոսելու»:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում ստորագրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում, սակայն Թուրքիան միտումնավոր ձգձգում է վավերացման գործընթացը՝ այն անհիմն կապելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:




























