Թուրքիան չի կարող շանտաժի քաղաքականությունը շարունակելով՝ հայկական Սփյուռքի հետ երկխոսության հայտարություններ անել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած ապակառուցողական ռազմավարության մեջ որեւէ փոփոխություն չի նկատվում, որը մի փոքր վստահություն կարող էր ներշնչել, եւ նման պայմաններում երկխոսության մասին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կատարած հայտարարությունները անիմաստ են, եւ այլ նպատակներ են հետապնդում։
«Թուրքերը կրկին փորձում են խորամանկել, եւ Ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին միջազգային հանրությանը փորձել համոզել, որ փորձում են երկխոսել Սփյուռքի հետ, որ թուրքերը փորձում են հայերի հետ քննարկումներ ձեռնարկել»,- ասաց Ռուսաստանի Հայ Դատի գրասենյակի ղեկավարը՝ նկատելով, որ թուրքական դիվանագիտությունը այժմ փորձում է մի բան ապացուցել, որ Հայաստանում ապրող հայերի եւ սփյուռքահայերի կարծիքները իրարարմերժ են։
«Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ սեպ խրելու Թուրքիայի քաղաքականությունը հաջողություն չի ունենա, որովհետեւ ոչ մի հայ իր ազգային շահերից չի հրաժարվի, իսկ թուրքերը ցանկանում են, որ հայ ժողովուրդը մոռանա Ցեղասպանությունը եւ վերադարձնի ազատագրած Ղարաբաղը»,- ասաց Նավոյանը՝ ընդգծելով, որ Եվրամիության անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիան ոչ մի բարոյական իրավունք չունի պահանջելու, որ Հայաստանը ազատագրված տարածքներից զորքերը դուրս բերի։
Ռուսաստանի Հայ Դատի գրասենյակի ղեկավարի խոսքով, Թուրքիայի հետ երկխոսության հնարավորություն կստեղծվի, երբ այդ երկրի իշխանությունները ընդունեն Հայոց ցեղասպանությունը, վերացնեն Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում անկողմնակալ դիրքորոշում որդեգրեն։




























