Հայկական Սփյուռքը պետք է զգույշ լինի եւ չընկնի Թուրքիայի լարած հերթական թակարդը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը՝ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու մտադրության մասին:
Նա ընդգծել է, որ Թուրքիան այդ կերպ փորձում է պառակտում մտցնել Սփյուռքի մեջ, ինչպես նախապես դա փորձում էր անել Հայաստանի եւ Սփյուռքի մեջ: «Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներ տարբեր կարծիքներ ունեն հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ, եւ Թուրքիայի ներկայացուցիչները, անցկացնելով այդ հանդիպումները, կփորձեն օգտագործել այդ փաստը՝ հայերին իրար դեմ տրամադրելու համար»,- ասել է Քանդահարյանը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, հայ համայնքը պետք է հրաժարվի հանդիպումներից, հատկապես Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, քանի որ Անկարան փորձելու է հայերի հետ երկխոսության պատրանք ստեղծել, հերթական անգամ հարմար առիթ ստեղծելու նրանց համար, ովքեր չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը կամ արտասանել այդ բառը:
Նա նշել է, որ Դավութօղլուի հայտարարությունը՝ Սփյուռքի հետ հանդիպելու մտադրության մասին, պետք է դիտարկել միայն Անկարայի վարած քաղաքականության համատեքստում: «Անկարան մահակի եւ քաղցրաբլիթի քաղաքականություն է վարում՝ հստակ տարանջատելով դերերը՝ Էրդողանը հանդես է գալիս սպառնալիքներով եւ կոշտ հայտարարությունները, Դավութօղլուն հումանիստի պատրանք է ստեղծում»,- ասել է Քանդահարյանը՝ ընդգծելով, որ դա ավելին չէ, քան հայերի հետ խաղը:
Նշենք, որ օրերս Դավութօղլուն նշել էր, թե մտադիր է հանդիպել հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ:




























