Եվրոպական միությունը աջակցում է հայ-թուրքական արձանագրությունները առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում վավերացնելուն: Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով, ԵՄ-ն նպաստել է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ պատրաստ է օգնել տրանսսահմանային խնդիրների լուծմանը՝ արձանագրություններն ուժի մեջ մտնելուց հետո:

Ընդ որում, Ֆյուլեն նկատել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները օգտակար կլինեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Ըստ եվրահանձնակատարի՝ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր հանգամանք են ԵՄ-ին երկրի անդամակցության համար:

Նշենք, որ ԵՄ հանձնակատարը երկօրյա այցով Երեւան է ժամանել ապրիլի 6-ին: Երեւանում նախատեսված են Ֆյուլեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: