Եվրամիությունը քաջալերում է Հայաստանի եւ Թուրքիային միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ կոչ է անում երկու երկրներին` վավերացնել եւ իրագործել երկկողմանի արձանագրություններն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածած հայտարարության մեջ:

Ըստ ԵՄ գերագույն հանձնակատարի՝ ԵՄ-ն ողջունում է արձանագրությունները խորհրդարան ուղարկելու Հայաստանի նախագահի որոշումը, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը`Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատարիմ մնալու մասին: «Եվրամիությունը հավատացած է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմանի հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարեւոր ներդրում կլինի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ համագործակցության մեջ»,- նշել է Քեթրին Էշթոնն ու հավաստիացրել. «ԵՄ-ն կշարունակի տրամադրել իր քաղաքական եւ տեխնիկական աջակցությունը այս գործընթացին եւ պատրաստ է օգնել իրականացնելու երկու երկրների միջեւ համաձայնեցված քայլերը»: