Երեւանում է գտնվում Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլոււն։ Այս մասին ապրիլի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով, թուրք չինովնիկը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Թուրք չինովնիկի Երեւան կատարած այցի մասին Նալբանդյանն այլ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Հայաստանի նախագահին հանձնել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ երեք ուղերձներ։ Նույն այդ ժամանակ Սպիտակ տունը հերքել էր հայտարարությունն այն մասին, որ գալիք շաբաթվա սկզբին միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանկներում Միացյալ Նահանգները Սարգսյան-Օբամա-Էրդողան եռակողմ հանդիպում է կազմակերպում։




























