Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով այսօր՝ ապրիլի 7-ին ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բանագնացը նախագահին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ:

Բանագնաց Սինիրլիօղլուն Սերժ Սարգսյանին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ:

Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: