Շուրջ կես տարի պետք կլինի, որպեսզի ավարտվեն Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության ընթացակարգերը: Այս մասին Մոսկվայում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Նախագահները ստորագրել են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության «Ճանապարհային քարտեզը», միաժամանակ Հայաստանը հայտարարել է, որ իրենք կձգտեն կրճատել այդ ժամկետները: Մենք նկատի ունենք, որ մոտ կես տարի պետք կլինի բոլոր տեսչական աշխատանքների համար: Պետք է տեսնել, թե որքանով են պատրաստ Հայաստանի ինստիտուտները, որպեսզի կատարվեն այդ վերակազմավորումները եւ երաշխիք ստանան, որ դրանք համարժեք են Մաքսային միության ինստիտուտներին»,-ասել է Շուվալովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա նաեւ չի բացառել, որ այդ աշխատանքը կարող է ավելի արագ կատարվել: «Ղրղըզստանի առումով որոշում է ընդունվել, որ այդ աշխատանքը կշարունակվի: Աշխատանքային խումբը պետք է լրացուցիչ անգամ դիտարկի «Ճանապարհային քարտեզի» հնարավոր փոփոխությունները: Մենք ուշադիր լսեցինք բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացրեց Ղրղըզստանի նախագահը»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:
«Բայց այն, ինչ առաջարկում է Ղրղըզստանը, Եվրասիական միության քննարկման առարկա չէ նույնիսկ այն մասով, որը մենք քննարկում ենք: Ոչ մի հատուկ եւ զարգացման հիմնադրամներ դեռեւս նախապատրաստվող պայմանագրում քննարկման առարկա չէ»,-ասել է Շուվալովը:





























