Սահմանին մենք գազը գնում ենք 189 դոլարով, սակայն այն սպառողին հասնում է 310 դոլարով, տնտեսվարողները այն ավելի էժան են գնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա համաձայնեց, որ 310 դոլարը բավականին բարձր գին է գազի համար, գազը գնելու եւ սպառողի վրա վաճառելու գնի տարբերությունը իր մեջ ներառում է «Հայռուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են 60 դոլար, կորուստները՝ 11 դոլար, ավելացված արժեքի հարկը՝  50 դոլար, «սրանք հիմնական այն հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը»։ «Եթե գազի սպառման ծավալները ավելացնեն, դրանց տեսակարար  կշիռը կնվազի եւ գազի գինը սպառողների համար կարող է  նվազել։ Եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ ՀՀ-ում, ինչպես օրինակ՝ «Նաիրիտի» գործարկումը, իտալացիների հետ կնքած նոր համաձայնագիրը, այդ ծրագրերը կարող են բերել գազի սպառման աճին եւ նվազեցենել ծախսերի տեսակարար կշիռը եւ բերել գնի նվազման»,- ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ սոցիալապես խոցելի խավերի համար իրենք սուբսիդավորել են գազի ծախսը, նախագահից ունեն հանձնարարական շարունակել ծրագիրը, որպեսզի գազի թանկացումը խոցելի խմբերի վրա անդրադարձ չունենա։