Օբաման կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային ձեռնարկել բոլոր ջանքերը՝ երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրությունները վավերացնելու համար: Այս մասին նշվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի հանդիպումից հետո:
«Օբաման ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև նշել է, որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Վաշինգտոնում միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ եւ Հայաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որը տեւել է 45 րոպե: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:




























