Երեկ` ապրիլի 13-ին Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:




























