Ապրիլի 13-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո պարզ է դարձել, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը նախօրեին հրապարակել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կեղծ հարցազրույց:
Թուրքական Turkishny-ի փոխանցմամբ` Նալբանդյան-Դավութօղլու հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը պարզաբանում է պահանջել Դավութօղլուից ադրբեջանական APA լրատվական գործակալության տված հարցազրույցի համար, որտեղ Դավութօղլուն խիստ կերպով անդրադարձել է Ղարաբաղի խնդրին: Դավութօղլուն նշել է, որ ինքը հարցազրույց չի տվել APA-ին եւ վստահեցրել է Էդվարդ Նալբանդյանին, որ այդ հարցազրույցը կեղծ է եւ իրեն չի պատկանում: Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո Դավութօղլուն անմիջապես հրահանգել է խնդրո առարկա հարցազրույցը հանել տալ կայքից:
Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները նշել են, որ Դավութօղլուն Վաշինգտոնից վերադառնալուց ի վեր այնքան զբաղված է, որ նման հարցազրույցի ժամանակ պարզապես չէր կարող ունենալ:
Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական APA-ի կողմից հրապարակած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հարցազրույցը կեղծ է: Օզուգերգինը նշել է, որ Դավութօղլուն նման հարցազրույց չի տվել:
Նշենք, որ ադրբեջանական APA-ին իբր տված հարցազրույցում Դավութօղլուն նշել էր, որ Սարգսյան-Էրդողան հանդիպումը ընթացել է Ղարաբաղի հարցի շուրջ:




























