Ապրիլի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպում է կայացել: Նախատեսված 20 րոպեի փոխարեն հանդիպումը տեւել է 45 րոպե, որի գլխավոր թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` դիվանագիտական աղբյուրները նշում են, որ գագաթնաժողովի ընթացքում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ճանապարհային քարտեզ է քննարկվել: Օբաման խոսք է տվել Մինսկի խմբի ավելի ակտիվ աշխատանքի եւ Ղարաբաղի խնդրի լուծման արագացման համար ձեռքից եկածը անել: Հանդիպմանը ներկա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն համաձայնության են եկել շարունակել Կովկասում տարվող աշխատանքները: Առաջին անգամ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հիշյալ ճանապարհային քարտեզի տեխնիկական խնդիրները: Ճանապարհային քարտեզում Ղարաբաղի խնդիրն էլ է օրակարգ եկել, ըստ որի, միաժամանակ տեղի է ունենում Ղարաբաղի հարակից շրջաններից հայկական ուժերի ետ քաշումը եւ սահմանի բացումը:



























