ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Նրանց հանդիպման թեման եղել է հարցը, թե ինչպես առաջ մղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումը, որին Քլինթոնն աջակցություն է ցուցաբերում:

«Խոսքը գնացել է, թե ինչպես կոնկրետ քայլեր ձեռնարկել առաջընթացի համար երկու կողմերում էլ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:

Պատասխանելով հարցին, թե ինչ է ասել Թուրքիայի արտգործնախարարը հարաբերությունների հեռանկարների մասին, Քրոուլին ասել է. «Ով ծանոթ է Դավութօղլուին, գիտի, որ նա միշտ լավատես է»:

Իրանի ատոմային ծրագրի մասին Քրոուլին հայտնել է, որ բավարար ժամանակ չի եղել դրա քննարկման համար, սակայն նշել է, որ Քլինթոնն ու Դավութօղլուն եւս մեկ անգամ կհանդիպեն հինգշաբթի՝ նախքան նրա Անկարա մեկնելը: