«Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպման ժամանակ մենք լսեցինք այնպիսի հայտարարություններ, որոնք միտված էին հասկացնելու Սփյուռքին, որ Հայաստանի նախագահը եւ իշխանությունները բացարձակապես տրամադրված չեն փչացնել նրա հետ հարաբերությունները. ես նման հրապարակային ելույթները շատ կարեւորում եմ»,- ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ապրիլի 12-ին կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին։

Նշելով, որ նման հայտարարությունները մեծապես կօգնեն վերականգնել Հայաստան-Սփյուռք վնասված հարաբերությունները, նա փաստեց, որ իր դիտարկումներով այդ հարաբերություններին հարված հասցրել են հայ-թուրքական արձանագրությունների ոչ տրամաբանական ձեւակերպումները։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ելույթին՝ ԱԺ պատգամավորը նկատեց, որ այն պատասխան էր Sabah թերթում տեղ գտած թուրքական կողմի երեք ուղերձներին։ «Դա Սերժ Սարգսյանի պատասխանն էր Հայաստանին ուղղված երեք մարտահրավերներին՝ հասկացնել Թուրքիային, որ Ցեղսպանության ճանաչման հարցում Հայաստանը եւ Սփյուռքը միասնական են, երկրորդ հարցը ղարաբաղյան հիմնախնդիրն էր, որն իմ կարծիքով, վաղուց է լուծված եւ մնում է, որ դա հասկանա Ադրբեջանը, եւ երրորդ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»,- նշեց Լ. Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վաշինգտոնում, միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։