Հայ-թուրքական հարաբերություններից դուրս է մնացել կարեւոր մի խնդիր՝ սահմանների անօրինական ճանաչման հարցը, որը ուղիղ կերպով ամրագրված է այդ արձանագրություներում։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, թե՛ Հայաստանի, եւ թե՛ Թուրքիայի իշխանությունները արդեն իսկ լուծված եւ համաձայնեցված են համարում սահմանների հարցը. «Բացառապես հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայ-թուրքական արձանագրությունները (եթե դրանք իսկապես միայն այդ նպատակն են հետապնդում) չպետք է իրենց մեջ ներառեին սահմաններին առնչվող հարցեր։ Այդ փաստաթղթերում անտեղի եւ ավելորդ են սահմաններին վերաբերող կետերը»,- համոզմունք հայտնեց Լ. Ալավերդյանը՝ հավելելով, որ կողմերը, կարծես, մի տեսակ լուռ համաձայնության են եկել այդ հարցի շուրջ։

Նշելով, որ «Ժառանգությունը» նախկինի նման համոզված է, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայիս տեսքով Ազգային ժողովում չպետք է վավերացվեն՝ Լ. Ալավերդյանն անընդունելի համարեց դրանցում տեղ գտած պատմական հանձնաժողովի ստեղծման, Ղարաբաղի հարցի լուծման պնդումների մասին թուրքական կողմի հայտարարությունները։ «Ես հենց սկզբից գիտեի, որ այդ արձանագրությունները փակուղի են տանելու։ Այդ փաստաթղթերով Թուրքիան ցանկանում է երեք խնդիր լուծել՝ սահմանների, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերջ դնելու եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ նկատելով, որ այդ երկիրը բոլոր այս հարցերում նախանձելի հետեւողականություն է ցուցաբերում։

Ամփոփելով՝ Լ. Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական բանակցությունները պետք է սկսվեն «ավելի մաքուր դաշտում, արձանագրությունների ավելի հստակ տեքստերով»։ «Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն որդեգրի, հակառակ դեպքում պասիվությունը կվնասի մեզ»,- եզրափակեց նա։