Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում միջուկային համաժողովի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս` մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Օբաման ապրիլի 24-ին չի ասի ցեղասպանություն բառը, իսկ հայ-թուրքական արձանագրություններում «առանց նախապայմաններ» արտահայտությունը իր տրամաբանությամբ է մեկնաբանել:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը լրագրողներին հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն իր ուղերձներով եղել է Հայաստանում, իսկ արդեն Վաշինգտոնում Հայաստանի նախագահի հետ քննարկել են այդ ուղերձների մանրամասները: «Այս թեմայի շուրջ բանակցության ընթացքից ելնելով կորոշենք` ինչպիսի ճանապարհային քարտեզի ենք հետեւելու»,-նշել է Էրդողանը։
Լրագրողներից մեկը Էրդողանին հիշեցրել է Հայաստանի նախագահի վերջին ելույթը, որտեղ նշվել է, որ Հայաստանը թույլ չի տա Թուրքիային իր հետ նախապայմանների լեզվով խոսել եւ հարցրել է Էրդողանին. «Արդյո՞ք հայ-թուրքական սահմանը կարող է բացվել»։
Այս հարցին Էրդողանը այսպես է պատասխանել. « Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տեքստում „առանց նախապայմանների“ արտահայտության կողքին կա շատ կարեւոր արտահայտություն՝ „տարածաշրջանում ստեղծել խաղաղություն“: Այս տարածաշրջանի խաղաղության ապահովման համատեքստում կարո՞ղ եք Ադրբեջանին անկյունում թողնել։ Ադրբեջանն էլ տարածաշրջանի խաղաղության կարեւոր մի մասնիկն է: Նախեւառաջ, ինչո՞ւ 1993-ին փակվեց Հայաստան-Թուրքիա սահմանը: Հայաստան-Ադրբեջան հակամարտության եւ այդ ընթացքում իրականացված „բռնազավթումների“ պատճառով փակվեց: Մենք մտածում ենք, որ այն կարող է բացվել այնտեղ համաձայնության հասնելու եւ տարածաշրջանում խաղաղություն համար հող նախապատրաստելու պայմաններում: Այդ պատճառով Մինսկի խումբը այնտեղ շատ կարեւոր պարտականություն ունի: Այս խնդրով ներկայումս ակտիվ գործընթացի մեջ են Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան: Այսօր պարոն Մեդվեդեւի հետ էլ այս խնդիրը քննարկեցինք: Կարծում եմ, որ նրանք այս խնդրի վերաբերյալ աշխատանքները եթե արագացնեն` արդյունքի կհասնեն»,-նշել է Թուրքիայի վարչապետը եւ ամփոփել, որ արձանագրությունների վավերացման հետ կապված որեւէ ժամանակացույց չկա, պարզապես դրսում որոշակի դրական զարգացումները կխթանեն խորհրդարանի աշխատանքները այդ ուղղությամբ:




























