Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի իր պաշտոնակցի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական «APA» գործակալությանը որեւէ հարցազրույց չի տվել:
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել, որ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի կողմից այս գագաթնաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպած ճաշի ժամանակ բավական հանգամանալից զրույց է ունեցել Դավութօղլուի հետ: «Նա ասաց, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել: Հերքեց»,- ասել է Նալբանդյանն ու հավելել. «Իհարկե, կարելի էր չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար–բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ նման հարցազրույց չի տվել: Բացի այդ հերքումից, որ պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել»:
Ըստ Հայաստանի ԱԳն ղեկավարի՝ «սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ»:
Նշենք, որ ադրբեջանական «APA»-ին իբր տված հարցազրույցում Դավութօղլուն նշել էր, որ Թուրքիայի համար անընդունելի է Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացից Ադրբեջանին հեռացնելը, նաեւ հայտնել էր, որ Սարգսյան-Էրդողան հանդիպումն ընթացել է Ղարաբաղի հարցի շուրջ:



























