Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը աննախադեպ արդյունավետ էր, մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա, դրա վկայությունն այն փաստն է, որ Անկարան սկսել է զիջել իր դիրքերը, անգամ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է հրաժարվել ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցից: «Անկարան սկսել է ակնարկել, որ սպասում է ցանկացած պատեհ առիթի, Հայաստանի ցանկացած ձեւական քայլի, որ վավերացնի արձանագրությունները: Բայց մենք այդ քայլը չենք անի»,- հավաստիացրել է Սահակյանը:
Սարգսյանի վաշինգտոնյան այցի աննախադեպությունը կարեւորվում է եւ այն փաստով, որ Հայաստանի նախագահը համախմբել է Սփյուռքի կառույցները՝ Ցեղասպանության 95-ամյակի նախօրեին: «Նման բան չէր եղել վերջին 10 տարիների ընթացքում: Սփյուռքը ճանաչեց Սերժ Սարգսյանի առաջնորդությունը համահայկական հարցերում»,- հայտարարել է նա: Պատգամավորի խոսքով՝ վաշինգտոնյան այցից հետո միջազգային հանրության արձագանքը կփոխվի հայ-թուրքական հարցում՝ հօգուտ Երեւանի: «Հայաստանը շարժվում է առաջ՝ համաձայն միջազգային նորմերի, մնում է, որ միջազգային հանրությունն իր „դեմքից հանի ամոթն“ ու աջակցի Հայաստանին»,- ասել է պատգամավորը: Ընդ որում, Սահակյանը կանխատեսել է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կվավերացվեն արձանագրությունները:
«Այսօր գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասների մոտ, եթե դարպասապահը կարողանա որսալ այն, ուրեմն արձանագրությունները կվավերացվեն, եթե գոլ լինի, Թուրքիան կպարտվի, ինչպես բարոյական, այնպես էլ մյուս հարցերում»,- ասել է Սահակյանը:
Ըստ Սահակյանի՝ անգամ Ադրբեջանն է մեղմացրել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարցում, ինչի ապացույցը Ալիեւի վերջին հայտարարություններն են, որ հարաբերությունները միայն Հայաստանի եւ Թուրքիայի գործն են:



























