«Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպման մասին կարծիքները բազմազան են, սակայն պարզ է մի բան՝ Հայաստանն այդ հանդիպման ժամանակ հստակեցրեց Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշումները»,- ապրիլի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ խոսելով միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին։

Նշելով, որ այդ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը հասկացնել տվեց Թուրքիային, որ նա Հայաստանի հետ չի արող խոսել պարտադրանքի լեզվով՝ ԱԺ պատգամավորը նկատեց. «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել ղարաբաղյան հարցի ու տարածքների զիջման հետ, որ Հայաստանի հետ չպետք է խոսել նախապայմանների լեզվով եւ չպետք է փորձել խոչընդոտել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ ՀՀ նախագահի այցը ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին պատմական այց էր. «Նշանակալի էր նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ , որն ապացուցեց, որ համայն հայությունը միասնական է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»։
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին ավելացրեց, որ միասնությունը միայն գեղեցիկ խոսքերի մեջ չէ, եւ որ գեղեցիկ խոսքերին պետք է նախորդեն եւ հաջորդեն գործողությունները. «Լավ է, որ խոսվում է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ սեպ խրելու անհնարինության մասին, սակայն միայն այդքանը բավական չէ. հայտարարություններին պետք է հաջորդեն գործողությունները»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վաշինգտոնում, միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։