«Համապատասխան որոշման մասին հայտնելու ժամկետները եւ նպատակահարմարությունը որոշում է ՀՀ նախագահը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո «ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները, եւ երբ հանրապետության նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաեւ հանրությունը»։

Նրա խոսքով, հեռու չէ այն ժամանակը, երբ ԱԺ-ում ընդունված համապատասխան օրենքի (միջազգային պայմանագրերից ստորագրությունները հետ կանչելու մասին) հիման վրա ՀՀ նախագահը կա՛մ հայ-թուրքական արձանագրություններից հետ կկանչի Հայաստանի ստորագրությունները կա՛մ կհամաձայնի արձանագրությունների վավերացման գործընթացը շարունակել առանց նախապայմանների. «Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը հանրությանը կներկայացնի այդ որոշումը, եւ ես չեմ կարծում, որ այն կարող է վնասել երկրի շահերին»,- ընդգծեց ՀՀԿ պատգամավորը։

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ հայ-թուրքական արձանագրություններն իրենց էությամբ հակահայկական են եւ հակազգային, եւ որ անհրաժեշտ է դադարեցնել դրանց վավերացմանը միտված գործողությունները՝ ընդհանրապես դուրս գալով գործընթացից։ «Սակայն հայաստանյան իշխանությունների մոտ այդ վճռականությունը բացակայում է»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ խոսել արձանագրությունների՝ առանց նախապայմանների վավերացման մասին՝ նշանակում, է խոսել «աչքփակոցիի մասին»։

Նրա խոսքով, ցանկալի է, որ անցած տարվա ապրիլի 23-ին ճանապարհային քարտեզի մասին սխալ որոշումը Հայաստանն այս տարի լուծի մինչեւ ապրիլի 23-ը։

Հիշեցնենք, որ անցած տարի՝ ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով համաձայնեցին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ ճանապարհային քարտեզ իրագործել: