«Թուրքիան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԽ անդամ պետություն եւ պարտավոր է պահպանել միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, եւ իմ կողմից ուղղված նամակում ես հայտնել եմ իմ մտահոգությունները առ այն, որ Թուրքիան չի պահպանում այն նորմերը, որոնք պարտավոր է պահպանել: Մասնավորապես Թուրքիայի վարչապետի կողմից երկու անգամ կրկնած միտքը, ըստ որի, հայ ապօրինի միգրանտները պետք է Թուրքիայից վտարվեն, մտահոգիչ է»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Դ. Հարությունյանը նամակով դիմել է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին եւ ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուին, որտեղ նրանց ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին՝ կապված Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին վտարելու հետ: Այդ նամակում Դ. Հարությունյանն ընդգծում է, թե Էրդողանի այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան 1915-ից հետո շարունակում է իր խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ: Ըստ այդմ, հայ միգրանտներին վտարելու հայտարարությունները, վերաբերում է կոնկրետ մեկ ազգային խմբի, իսկ դա ազգային հողի վրա խտրական վերաբերմունք է, ինչն անթույլատրելի է ԵԽ անդամ երկրի համար: Նման անպատասխանատու հայտարարությունը, ըստ Դ. Հարությունյանի, խախտում է ռասիզմի եւ խտրականության վերաբերյալ միջազգային պայմանագրերը եւ դա պահանջում է ԵԽ-ի ու նրա Խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը:

Ի դեպ, բացի դա, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս մեկ նամակ հղել է Մեվլյութ Չավուշօղլուին: Այս առնչությամբ նա ասաց. «Ինչ վերաբերում է երկրորդ նամակին, ապա դա ընդամենը արձագանք է Մեւլյութ Չավուշօղլուի կողմից Կատինի դեպքերին տրված գնահատականին: Ես ուղղակի առաջարկում եմ նրան, նույն մոտեցումը ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության հարցում»:

Հարցին, թե ի՞նչ արձագանքներ կարող են ունենալ այս նամակները ԵԽ-ում, նա պատասխանեց. «Դե շուտով դա մենք կտեսնենք: Առաջին նամակն ուղղված է ԵԽԽՎ բոլոր անդամներին, իսկ երկրորդ նամակն ուղղված է միայն Մեւլյութ Չավուշօղլուին»: