«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին խոսելն այլեւս անիմաստ է. այս իրավիճակում պարզապես անհրաժեշտ է դրանցից հետ կանչել Հայաստանի ստորագրությունները»,- ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նշելով, որ արձանագրությունների վավերացման համար նախանշված բոլոր ողջամիտ ժամկետները վաղուց ավարտվել են, եւ Թուրքիան էլ ղարաբաղյան հարցում չի փոխելու իր դիրքորոշումը, նա համոզմունք հայտնեց, որ գործընթացի այս փուլը պետք է ավարտված համարել. «Պետք է առաջարկել սկսել նոր գործընթաց՝ առանց այս տխրահռչակ արձանագրությունների»,- ընդգծեց Ա. Սարգսյանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է հանդես գա ոչ թե թելադրանքների ենթարկվողի, այլ համահավասար կողմի կարգավիճակով։ «Դիվանագիտության մեջ կա ընդունված կարգ, որի համաձայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ոչ մի արձանագրություն էլ չի պահանջվում. պետք է պարզապես դեսպանների փոխանակում կատարել՝ այս կերպ սկիզբ դնելով այդ հարաբերություններին»,- նշեց Դեմոկրատական կուսակցության նախագահը։

Ամփոփելով՝ Ա. Սարգսյանը նկատեց, որ վերջին շրջանում հօդս է ցնդել այն առասպելը, թե Թուրքիան բոլոր դեպքերում կարողանում է խորամանկ քաղաքականություն վարել. «Այդ երկրի վարչապետը հայերին Թուրքիայից վտարելու մասին իր վերջին հայտարարություններով եւ Ցեղասպանության ժխտողական քաղաքականությամբ ապացուցեց, որ ինքը եւ ներկայիս Թուրքիան ոչնչով չեն տարբերվում Թալեաթ փաշայից եւ Օսմանյան Թուրքիայից։ Այս ամենով հանդերձ, Հայաստանի համար ձեռնտու է, որպեսզի Թուրքիան ղեկավարվի վարչապետ Էրդողանի նման մարդու կողմից, ով նման է ռինգ դուրս եկած բռնցքամարտիկի, որին թվում է, թե ինքը կարող է հաղթել բոլորին»,- եզրափակեց նա։