Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած բոլոր քայլերը հիմնված են խորը վերլուծություների վրա եւ գիտականորեն հիմնավորված են, իսկ իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգիծը ձեւակերպված է հիմնական քաղաքական ուժերի հայացքների եւ սկզբունքների համադրման վրա, եւ այդ իմաստով նախագահի քաղաքականությունն անխոցելի է: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Նա բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն եւ Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ նրա ելույթը: Սաֆարյանը բարձր է գնահատել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ՝ հայ-թուրքական հարաբերությունները մեռյալ կետից շարժելու ջանքերը: Սաֆարյանը ողջունել է նաեւ Թուրքիայի իշխանությունների պատրաստակամությունը շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ: Ըստ Սաֆարյանի՝ Վաշինգտոնում Հայաստանի նախագահը հստակ մատնանշել է այն նշաձողը, որից ցածր Երեւանը չի իջնի: «Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար փոխզիջման չի գնա Ցեղասպանության հարցում եւ միակողմանի զիջումների՝ ղարաբաղյան գործընթացում»,- նկատել է Սաֆարյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը կշարունակվի նաեւ ապրիլի 24-ից հետո: Խոսելով հայ-թուրքական րձանագրությունների վավերացման մասին՝ Սաֆարյանն ընդգծել է, որ եթե թուրքական խորհրդարանը վավերացնի փաստաթղթերն առանց վերապահումների, Հայաստանի Ազգային ժողովն էլ նույն կերպ կվարվի:




























