«Եթե Թուրքիան կարծում է, որ կարող է խաղ խաղալ մինչեւ ապրիլի 24-ը, ապա սխալվում է, քանի որ հիմա Թուրքիայից սպասումներն ավելի են մեծացել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ թուրքերը հիմա մի փոքր ավելի մեղմ են արտահայտվում, իսկ ապրիլի 24-ից հետո կխստացնեն իրենց հռետորաբանությունը, ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հիմա վերջին շանսն է Թուրքիայի համար՝ դուրս գալ իրենց իսկ փորած փոսից: Եթե մինչեւ ապրիլի 24-ը նրանք ինչ-որ բան խոստանան, հետո հրաժարվեն, դա շատ լուրջ գին կարժենա Թուրքիայի համար: Ամերիկացիներին ու ռուսներին չեն հետաքրքրում բառերը: Նրանք ուզում են, որ Թուրքիան անցնի գործողությունների, եւ վտանգն այն է, որ նա կարող է այս հանդիպումների ժամանակ ինչ-որ բան խոստանալ եւ հետո չկատարել դրանք»,- ասաց նա:
«Իրական խնդիրն այն է, որ Թուրքիան, կարծես, վերջնական որոշում չի կայացրել, թե, ի վերջո, ինչ է ուզում՝ Հայաստանի հետ կապված: Սա նշանակում է, որ Թուրքիան այսօր կանգնած է ինքն իրեն վնասելու, կամ ինքնասպանություն գործելու վտանգի առաջ, որովհետեւ անգամ իրենք իրենց համար չեն հստակեցրել թե ինչ է իրենց ուզածը: Այս առումով բոլոր բացասական արձագանքները Թուրքիայի դեմ են ուղղված լինելու, ոչ թե Հայաստանի»,- ընդգծեց Ռ. Կիրակոսյանն ու հավելեց. «Հայաստանը կարող է վստահաբար ասել, որ մենք արել ենք այն, ինչ կարող էինք, եւ դեռ ավելին: Դա ամբողջ մեղքը գցում է Թուրքիայի վրա: Սա շատ լավ շախմատային խաղ էր եւ Հայաստանը այս աշխարհաքաղաքական խաղում Կասպարովն էր»:
Այնուհետեւ անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիան համաձայնեց ԱՄՆ-ի հետ, որ ադրբեջանցիները չհրավիրվեն Վաշինգթոն, նա նշեց. «Դա ցույց է տալիս, որ եւս մեկ օգուտ է ստանում Հայաստանը, քանի որ Բաքվի եւ Անկարայի միջեւ խնդիրները բարդանում են: Այն, ինչ հիմա փորձում է անել Ադրբեջանը, Սպիտակ տուն այցելության հրավեր խնդրել կամ գնել Ալիեւի համար: Սա դեմքը փրկելու համար է, ցույց տալու համար, թե վիրավորված չեն, որ իրենց չեն հրավիրել Վաշինգթոն»:




























