ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հայաստանն ու Թուրքիան վավերացնեն երկկողմ հարաբերությունների հաստատման արձանագրություններն ու բացեն սահմանը, դա զգալի օգուտ կբերի երկու երկրներին: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը, ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչը նկատել է, որ այդ շաբաթվա ընթացքում բավական բովանդակալից քննարկում են եղել հայկական եւ թուրքական կողմերի հետ: Ընդ որում, Քրոուլին հաղորդել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաման հարցը չի քննարկվել:

Վաշինգտոնը, նրա խոսքով, նախկինի պես փորձում է Հայաստանի եւ Թուրքիայի հետ աշխատելու ճիշտ ձեւաչափ գտնել:

«Նաեւ մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Մինսկյան գործընթացին: Գործընթացը (խոսքը հայ-թուրքականի մասին է, խմբ.) կանգ է առել անցած տարվա աշնանից, երբ երկրները կարգավորման արձանագրություններ ստորագրեցին»,- հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացի կապակցությամբ ադրբեջանական կողմի առարկություններին, Քրոուլին նկատել է, որ ամերիկյան կողմն աշխատում է դրա վրա:

«Մենք գիտենք, թե դա ինչ բարդ գործ է: Մենք գիտենք, որ դա դիպչում է երկու կողմերի զգացմունքներին, երկու կողմից էլ ռիսկ է պահանջում, եւ մենք շարունակելու ենք կառուցողական աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի հետ` ավարտին հասցնելու այդ գործընթացը»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: