Ստեղծված իրավիճակից միակ ճիշտ ելքը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչն է, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրությունները վաղուց «մեռել» են կամ գտնվում են դրա սահմանագծին: Նրա խոսքով, այդ արձանագրությունները հակասում են Հայաստանի շահերին եւ անհրաժեշտ է հրաժարվել դրանցից: «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք երկխոսությունը Թուրքիայի հետ, պարզապես բանակցությունները չպետք է տարվեն մեր շահերին հակասող փաստաթղթերի հիման վրա»,- նկատել է Հովհանիսյանը՝ հավելելով, որ Թուրքիան բանակցությունների մեջ մտավ Հայաստանի հետ՝ օգտվելով Հայաստանի կառավարող վարչախմբում տիրող խուճապից, որ առաջացել էր ռուս-վրացական պատերազմի եւ տնտեսական ճգնաժամի պատճառով: Պատգամավորը նաեւ հարցադրում արեց, թե երբ են հասնելու Հայաստանի իշխանությունների ասած ողջամիտ ժամկետները, որոնցից հետո Երեւանը հետ կվերցնի իր ստորագրությունը: Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Երեւանն առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Հովհաննիսյանը լակոնիկ պատասխան տվեց. «Հայաստանն այդ դեպքում լիակատար ֆիասկո կկրի»: Խոսելով Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցի մասին՝ պատգամավորը նկատել է, որ չնայած սպասելիքներին, այդ այցը պատասխան չտվեց Հայոց ցեղասպանության հնարավորության հետ կապված հարցերին: «Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցից հետո շատ հարցեր բաց մնացին, բայց ընդհանուր առմամբ այցը կարելի է դրական գնահատել»,- նկատել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ապրիլի 20-ին կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպմանը, Հովհաննիսյանը նշել է, որ դժվարանում է ինչ-որ կոնկրետ բան ասել: «Բայց կարող եմ ասել, թե ինչ տպավորություններ ստացա Սանկտ-Պետերբուրգում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ կայացած միջազգային խորհրդաժողովից»,-ասաց նա եւ հավելեց. «Չավուշօղլուն ժամանել էր բավական պատկառելի պատվիրակությամբ, որի կազմում բազմաթիվ թուրքեր կային: Բանը հասել էր այնտեղ, որ ԵԽԽՎ նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում ներգրավված էին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ներկայացուցիչներ»,- հայտնել է Հովհաննիսյանը եւ հավելել, որ համաժողովին իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե Ռուսաստանի ներկայացուցիչները, մեղմ ասած, չեն աջակցում հայկական կողմի տեսակետներին: «Բանը հասավ նրան, որ Ռուսաստանի ներկայացուցիչը ընդհատեց իմ ելույթը՝ հայտարարելով, թե այն չի համապատասխանում օրակարգին: Ես, իհարկե, բողոքեցի, որ օրակարգի բոլոր թեմաները Վրաստանի եւ Սահակաշվիլիի մասին չպետք է լինեն»,- ամփոփել է Հովհաննիսյանը:




























