Հայ-թուրքական գործընթացի չի մտել փակուղի եւ նկատելի է գործընթացի շարունակություն ու զարգացում: Այսօր` ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ հավելելով, որ այդ գործընթացը կարող է նաեւ երկար տեւել: «Մենք անցնում ենք բանակցային, դիվանագիտական, տարածաշրջանային ճանապարհ, եւ այդ ճանապարհը ունենալու է իր փուլերը, իր տրամաբանությունները»,- ասել է նա:

Այնուհետեւ անդրադառնալով գործընթացի վերաբերյալ հայկական ու թուրքական կողմերի դիրքորոշումներին, Շահգելդյանն ասել է. «Որոշակի պատկերացումներ գործընթացի ավարտի վերաբերյալ կան եւ ձեւավորվում են: Մեր դիրքորոշումները հստակ են, այսինքն, Հայաստանն ասում է, որ գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների եւ այն մոտեցումներով, որոնց վերաբերյալ արդեն ձեռք են բերել պայմանավորվածություններ։ Եւ արձանագրությունների շրջանակներում գործընթացը ընթանում է առաջ: Իսկ թուրքական կողմի տեսակետների մեջ ինչ-որ տարբերություններ կան, իշխող քաղաքական ուժի ներսում տարբեր հայտարարություններ են լինում: Այսինքն խնդիրը այնտեղ է, մեր կարծիքով»:

Հարցին, թե ի վերջո ե՞րբ սահմանը բաց կտեսնենք, ՕԵԿ փոխնախագահը պատասխանել է, որ շատ դժվար է հիմա ամսաթիվ նշելը, սակայն դա հիմնականում պայմանավորված է թուրքական կողմի մոտեցումով:

Մ. Շահգելդյանը նկատել է նաեւ, որ Թուրքիայում գիտակցում են՝ եթե շարունակեն նախապայմանների լեզվով խոսել եւ դրանով դանդաղեցնել գործընթացը, դա կարող է չընկալվել ԱՄՆ-ի կողմից, որը Թուրքիայի դաշնակիցն է: