Ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ը 10 կետից բաղկացած հրահանգներ է տվել արտերկրում աշխատող թուրք դիվանագետներին: Թուրքական Hurriyet-ը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրականացվելիք՝ թուրք դիվանագետներին ուղղված հրահանգը:
1. Ձեր գտնված երկրներում հայկական Սփյուռքի հետ շփումների մեջ մտեք: Թուրքական նախաձեռնությունների ժամանակ հայերին էլ հրավիրեք:
2. Հայկական ակտիվ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներին մասնակցության հրավերը ընդունեք, մասնակցեք եւ բացատրեք Թուրքիայի դիրքորոշումը:
3. Հայկական Սփյուռքը հիմնականում երեք խմբից է բաղկացած: Ցեղասպանության մասին խոսելուց՝ շահեր հետապնդողներ, Թուրքիայից հեռացած, բայց դեռեւս կապված անձինք եւ Ցեղասպանության խնդրում ավելի պասիվ դիրքորոշում ունեցող անձինք: Հատկապես Սփյուռքի այդ պասիվ հատվածի հետ շփումներ սկսեք: Սակայն Թուրքիայի դեմ հանդես եկողներին էլ վատ մի վերաբերվեք: Թուրքիայի դեմ տրամադրվածներին հրավիրեք թե՛ հյուպատոսական միջոցառումներին, թե՛ Թուրքիա:
4. Ձեր գտնված երկրների հայ դիվանագետների հետ վատ մի վերաբերվեք: Նրանց հրավերները ընդունեք եւ անպայման մասնակցեք նրանց կողմից կազմակերպված համաժողովներին:
5. Ձեր գտնված երկրներում համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ շփումներ սկսեք: Իրականացվելիք միջոցառումներին մասնակցեք եւ առիթի դեպքում ներկայացրեք Թուրքիայի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում:
6. Հատկապես շփման մեջ մտեք տեղի գիտնականների հետ եւ բացատրեք Թուրքիայի դիրքորոշումը:
7. Թուրքիայի հետ մոտ հարաբերություններ ունեցող երկրների դիվանագետների հետ սերտացրեք ձեր հարաբերությունները: Այդ երկրների դիվանագետների հետ կազմակերպելիք միջոցառումներին ներկայացրեք հայկական հարցի էությունը, այդ երկրներում այլ երկրների դիվանագետներին, հատկապես Թուրքիային լավ աչքով նայող դիվանագետներին ներկայացրեք Թուրքիայի դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ:
8. Ձեր գտնված երկրներում հատկապես ներկայացրեք Անկարայի առաջարկը, որը նաեւ տեղ է գտել ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում՝ համատեղ պատմական հանձնաժողովի խնդիրը: Որպես հիմնական հաղորդագրություն կանգնեք այն տեսակետի վրա, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին:
9. Ուշադրության հրավիրեք Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա: Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարելավման եւ երկու ժողովուրդների բարօրության անհրաժեշտությունը ծանրակշիռ կերպով ներկայացրեք:
10. Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման, Կովկասում խաղաղության ապահովման վրա ուշադրություն դարձրեք: Այդ համատեքստում ամբողջ Կովկասում կայունության հասնելու համար ներկայացրեք ոչ միայն Անկարա-Երեւան մերձեցումը, այլ` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման կարեւորությունը:




























