Հույս չկա, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կվավերացվեն մինչեւ 2011 թվականի այդ երկրում նախանշված ընտրությունները։ Global Post-ի իր հոդվածում նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։
Նա ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում ճնշումներ են գործադրվում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վրա։ Նրա խոսքով, թեպետ շուտափույթ վավերացումը կբարձրացնի Երեւանի հանդեպ միջազգային վստահությունը, հայկական ընդդիմությունն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի։ Փորձագետը Երեւանին եւ Անկարային խորհուրդ է տվել գործընթացի հետագա առաջխաղացման համար մի կողմ թողնել վիճելի կետերը եւ զբաղվել փաստաթղթերի առավել խնդրահարույց մասերով։ Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարյուրավոր մանր խնդիրներ կան, այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիայում բնակվող 40 հազար Հայաստանի քաղաքացիները, Հայաստանում թուրքական կապիտալով աշխատող ընկերությունները, այնպես որ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններ կան։
«Նույնիսկ դիվանագիտական այս բարդ պայմաններում իրենց ժողովուրդների բարգավաճման համար Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդները պետք անեն առաջին քայլերը»,- ամփոփել է փորձագետը։



























