Հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես եկող 14 քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կայացավ նիստ, որի ընթացքում մասնակիցները կրկին ներկայացրեցին իրենց դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ եւ արձանագրությունների դեմ պայքարի ծրագրերը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հայ-թուրքական գործընթացը ի սկզբանե արժանահավատ չէր: «Գործընթացը կա, իսկ արդյունք չկա, սա այն է, ինչ ուզում է Թուրքիան՝ իր նպատակներին հասնելու համար»,- նշել է Ռուստամյանը:
Նրա խոսքով` հայ-թուրքական գործընթացի արդյունքում Հայոց ցեղասպանության հարցը միջազգային հանրության համար դարձել է Թուրքիայի վրա ազդելու լծակ: Ռուստամյանը նշել է, որ, եթե նույնիսկ Հայաստանն էր հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը, ապա այժմ իրավիճակի տերն Անկարան է: Պատգամավորը նկատել է, սակայն, որ Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները, այդ թվում` նախագահի վերջին ելույթը, եւ իշխող կոալիցիայի նախաձեռնությամբ հայ-թուրքական արձանագրությունների ԱԺ օրակարգից դուրս բերումը դրական առաջընթաց են:
Ռուստամյանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ռազմավարական նպատակներից, եւ Հայաստանը պետք է դրանից հետեւություններ կատարի: «Մենք չպետք է թույլ տանք, որ Անկարան գործընթացից օգուտ քաղի: Մենք պետք է գործընթացից դուրս գանք եւ հայտարարենք, որ Թուրքիան ագրեսոր է, որը շրջափակել է Հայաստանը եւ նախապայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,-հայտարարել է Ռուստամյանը` ընդգծելով, որ Թուրքիայի նախապայմաններին Հայաստանը պետք է հակադրի Հայ Դատի պահանջները, իսկ Թուրքիա-Ադրբեջան տանդեմին, Հայաստան-Լեռնային Ղարաբաղ տանդեմը:
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանը նշել է, որ կոալցիայի կողմից հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից դուրս բերելու հարցը ոչինչ չարժե, որովհետեւ ցանկացած պահի, դրանք կարող են նորից ընդգրկվել օրակարգում: Նա նաեւ նշել է, որ Սփյուռքում հայ-թուրքական գործընթացին աջակցող կազմակերպությունները հուսախաբ են եղել եւ հասկացել են, որ սխալ են գործել:
Առաքելյանն առաջարկել է Ցեղասպանության ճանաչման հարցում ուշադրություն դարձնել իրավական կողմին: Ըստ նրա` պետությունների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը փոխհատուցման հիմք չէ: «Միացյալ Նահանգների նախագահը միջազգային իրավարար չէ, որ նրա բառերով պայմանավորենք Հայոց ցեղասպանության իսկությունը: Եթե երկու երկրների միջեւ վիճելի խնդիր կա, ապա այդ հարցը պետք է լուծվի միջազգային արբիտրաժում»,- հայտարարել է Առաքելյանը:




























