Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նոր Զելանդիայի վարչապետի հետ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաեւ Հայաստանի իշխող կոալիցիայի տարածած հայտարարությանը եւ նշել, որ իրենք ամեն դեպքում մտածում են շարունակել գործընթացը:
«Հայաստանում իրենք գիտեն, թե ինչպես ղեկավարեն կարգավորման գործընթացը, դա իրենց գործն է, սակայն ես կարծում եմ, որ գործընթացը պետք է շարունակել: Ես սրանից առաջ էլ բազմիցս հայտարարել եմ, որ մենք հավատարիմ ենք ստորագրված արձանագրությունների տառին եւ ոգուն: Այդ ուղղությամբ իմ հատուկ ներկայացուցչին ուղարկեցի Հայաստան»,-նշել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի կոալիցիան ԱԺ օրակարգից հանել է արձանագրությունները, ինչպես նաեւ առաջարկել է նախագահին՝ առկախել հայ-թուրքական գործընթացը, մինչեւ թուրքական կողմը «պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակմանը»:




























