«Արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը դեռևս չի նշանակում, թե Հայաստանը դուրս է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից»,-անդրադառնալով այսօր կոալիցիոն կուսակցությունների տարածած հայտարարությանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նա կարծում է, որ սա բնական որոշում էր, քանի որ արձանագրությունների ստորագրումից ի վեր Թուրքիան պարբերաբար իմիտացիոն քաղաքականություն է վարել և արհեստականորեն ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Թուրքիայի շարունակական ապակառուցողական մոտեցումը չէր կարող անհետևանք մնալ, և շատ բնական է, որ Հայաստանը պետք է իր դիրքորոշումն արտահայտեր, առավել ևս, որ պաշտոնական Երևանը քանիցս զգուշացրել է նման քաղաքականության շարունակվելու դեպքում գործընթացը սառեցնելու հավանականության մասին»,-ասաց պարոն Մինասյանը:
Նա նաեւ նկատեց, որ գործընթացի առկախումը հարաբերությունների կարգավորման հնարավորության տեղ թողնում է, եթե «Թուրքիայի իշխանությունները, հատկապես ԱՄՆ-ի և աշխարհի այլ գերտերությունների ճնշման ներքո, կոնկրետ քայլեր ձեռնարկեն հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ»: Այս պարագայում, ըստ Սերգեյ Մինասյանի, Հայաստանը ևս իր կողմից կձեռնարկի կոնկրետ քայլեր` գործընթացի հետագա ընթացքի առումով:
«Այսօր կարելի է ասել, որ „ֆուտբոլային դիվանագիտությունն“ ավարտվեց: Սակայն դա չի նշանակում, թե ավարտվել է ողջ գործընթացը: Այսօր ռեալ հնարավորություն կա որոշակի գործողություններ իրականացնել՝ առանց արձանագրությունների վավերացման: Այլ կերպ ասած, նման պարագայում թեկուզ իրավական պարտավորությունները կբացակայեն` ի դեմս երկկողմանի պայմանագրերի, այդուամենայնիվ, Անկարայի և Երևանի կողմից տեխնիկական որոշակի միջոցառումները հնարավոր են»,-կարծում է Ս.Մինասյանը:




























