«Հայ-թուրքական գործընթացի սառեցումն ուղղակի կերպով կապված է Թուրքիայի վարած քաղաքականության հետ, քանի որ այդ երկիրը չկատարեց արձանագրությունների ստորագրմամբ իր վրա դրած պարտականությունները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։
Նշելով, որ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանն ականատես եղավ միջազգային ողջ հանրությունը, նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը, գործընթացն առկախելով, իր համար որեւէ խնդիր չի ստեղծի։ «Այսօրվա իրավիճակը Թուրքիայի կողմից Հայաստանին նախապայմաններ առաջադրելու հետեւանք է»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ միջազգային ճնշումները Թուրքիային կստիպեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսել առանց նախապայմանների։
Ամփոփելով՝ Կ. Ավագյանը համոզմունք հայտնեց, որ անգամ այս պարագայում, երբ գործընթացը սառեցվում է Հայաստանի կողմից, միջազգային հանրությունն իր դժգոհությունը կհայտնի թուրքական կողմին, քանի որ կասկած չունի, որ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում վավերացվելուց հետո, անմիջապես կվավերացվեն նաեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից. «Հակառակ Թուրքիայի՝ Հայաստանն այս ամբողջ ընթացքում հանդես է եկել կառուցողական դիրքերից, եւ այդ է պատճառը, որ հիմնական ճնշումները լինելու են հենց Թուրքիայի վրա»,- եզրափակեց նա։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա իր ուղերձում հայտարարել է, որ թեպետ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ներկա փուլը Հայաստանը սպառված է համարում, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները վճռել են առայժմ դուրս չգալ հայ-թուրքական գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը։




























