«Մեզանից սկսենք ծխելու դեմ պաքարի քարոզչությունը»,- ապրիլի 27-ի կառավարության նիստում գերատեսչությունների ղեկավարներին կոչ է արել Տիգրան Սարգսյանն ու առաջարկել հաստատելով ՀՀ ծխելու դեմ պայքարի 2010-2015 թվակաների պետական ծրագիրն ու ծրագրի ապահովումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը:
Նշենք, որ ծխելու դեմ պայքարի ծրագրով նախատեսվում են որոշակի օրենսդրական փոփոխություններ մասնավորապես գովազդի հետ կապված:
Նիստի ավարտից հետո առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը լրագրողներին հավաստիացրել է, թե Ազգային ժողովում մեծ արձագանք է գտել այդ ռազմավարությունը եւ առաջարկվել է բազմազան պատժամիջոցներ տուգանքների ձեւով:
«Ծրագրի մեջ ներգրավված են գրեթե բոլոր գերատեսչությունները, հիմնականում կրթության ու մշակույթի գերատեսչությունները, որովհետեւ շատ կարեւոր է քարոզչական աշխատանքը հատկապես դեռահասների շրջանում»,-նշել է փոխնախարարը:
Ծխելու դեմ պայքարի ծրագրի շրջանակում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ծխելու տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 55 տոկոսից ավելի, իսկ կանանց մոտ ավելի փոքր է: Մայրաքաղաքում ծխող կանայք կազմում են 7-8 տոկոս, իսկ մարզերում՝ մեկ տոկոս: Սակայն կանաց շրջանում ծխելու միտումն աճում է:




























