ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում որոշում է ընդունել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին, որի նպատակը Երեւան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 եւ Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հասցեներում գտնվող հանրակացարաններում ժամանակավորապես բնակվող բազմաթիվ փախստական ընտանիքների բնակարանային, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ իրավական երաշխիքների ապահովումն է:

Գործադիրը հաստատել է Երեւան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարաններից բնակարան ստացող անձանց ցուցակը, ՀՀ քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել բնակարանների բաշխումը կատարել վիճակահանությամբ եւ դրա արդյունքով նշված անձանց հետ ՀՀ անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր:

Բացի այդ, կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին է հատկացվել 13,020.0 հազար դրամ` Վազաշեն գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծելու նպատակով: